2016-10-11 11:42:00

Քահանայական ձեռնադրութիւն` աստուածատուր նուէր՝ Ողորմութեան յոբելենական տարում։


Եկեղեցին հաւատաւոր ժողովրդի միասնութիւնն  է: Աստծոյ ժողովուրդն ունի մէկ հաւատք, մէկ մկրտութիւն ու մէկ վերջնական նպատակ` արժանանալ յաւիտենական կեանքին: Հաւատացեալներին հարկաւոր են ճիշտ ուղին ցոյց տուող հոգևորականներ, ովքեր ծառայում են Աստծուն, մատակարարում Սբ. Խորհուրդներ, ուսուցանում ու օրհնում են հաւատացեալներին եւ առաջնորդում դէպի Եկեղեցի: Այս աստուածատուր իշխանութիւնն ու միևնոյն ժամանակ ծառայութիւնը  չի տրւում ընտրութեան կամ նշանակման միջոցով, այլ այն փոխանցւում է Ձեռնադրութեան Սուրբ Խորհրդի միջոցով:

Ձեռնադրութիւնը Եկեղեցու եօթ խորհուրդներից է:  Ձեռնադրութիւնը խորհուրդ է, որի միջոցով Սուրբ Հոգին ձեռնադրուածին կարողութիւն է տալիս կատարել խորհուրդներն ու առաջնորդել  Քրիստոսի ժողովրդին:

2016թ. հոկտեմբերի  8-ին, Գիւմրիի Սրբոց Նահատակաց եկեղեցում  մատուցուեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ձեռամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի, առընթերակայութեամբ Վենետիկի Մխիթարեան Միաբանութեան ընդհանուր աբբահայր Հ. Եղիա ծ.վ. Քիլաղպեանի և Լիբանանում ծառայող Հ. Մեսրոպ վրդ. Թոփալյանի և մասնակցութեամբ թեմի նախկին առաջնորդ Արհ. Տ. Նշան արքեպս. Գարաքեհեյանի, Հայաստանում ծառայող հայ կաթողիկէ հոգևորականների, առաքինազարդ քոյրերի, հաւատացեալների բազմութեան: Սբ. Պատարագի ընթացքում տեղի ունեցաւ քահանայական ձեռնադրութիւն:

Սրբազան Հայրը քահանայ ձեռնադրեց երեք նորընծաներին` Սրբալոյս Միւռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը և վերջիններիս շնորհեց նոր հոգևոր անուններ` Տէր Կոմիտաս,  Տէր Մաշտոց և Տէր Սահակ:

«Պատիւ է մեծ` ի հաճոյս ծառայողի, և օրհնութիւնը աւելի մեծ է հաճոյս ժողովրդի, որ Աստուած իրենց համար ուղարկում է ծառայութեան խոնարհ ծառաներ: Այս ծառաները աշակերտներն են Քրիստոսի: Այսօր աննկարագրելի նախախնամութիւն է, որ  Ողորմութեան տարուայ վերջին ամիսներին Աստուած մեզ օրհնեց և ողորմելով մեզ տուեց եկեղեցու ծառաներ: Սիրելի՛ օծեալ եղբայրներ, ես չէ, որ պէտք է բացատրեմ այս ընտրութեան ու որոշման իմաստը: Դուք շատ լաւ գիտէք և տեղեակ էք, որ այս ընթացքը ճանապարհն է Քրիստոսի, որ իր բոլոր ելևէջներով կարողանաք հասնել Սուրբ Խորանին Քրիստոսի ծառայութեամբ: Աստուածային ողորմութեան տարում ձեռնադրուելը յատուկ կոչում է ձեզ համար, որ դառնաք ողորմած, գթած և սիրող»,-նորընծայ քահանաներին յորդորեց Սրբազան հայրը:

Այսուհետև   նորընտիր քահանաները, ինչպէս որ եկեղեցական կարգն է սահմանում կարող են կատարել բոլոր խորհուրդները, բացի ձեռնադրութիւնից.

«Աստծոյ կանչը իւրաքանչիւրի մէջ է ի վերուստ, մնում է մարդը ինչ ձևի կջրի, կխնամի, կմշակի այդ սերմը, որ այդ կանչին հետևի»,-վստահ է Տէր Կոմիտաս Քահանայ Դավեյանը, ով իր առաջ որպէս հոգևորականի կարկառուն օրինակ ունեցել է լուսահոգի Հայր Կոմիտասին:

Տէր Մաշտոց Քահանայ Ղազարեանը նոյնպէս հաւաստիացրեց, որ մարդու մէջ երկու կողմ կա`Աստծոյ կանչն ու մարդու պատասխանը: Աստուած կանչում է, և մարդը պատասխանում է, իսկ եկեղեցին ու հոգևորականները օգնում են, որ դրական պատասխանը հասունանայ:

«Աստծոյ նախախնամութեամբ և Աստծոյ կամօք այս ամենը տեղի ունեցաւ: Քրիստոսն է ասում, որ գնացէք ու աշակերտեցէք իմ ժողովրդին, մենք այսօր կանչուած ենք դրա համար: Մտահոգուելու ոչինչ չունեմ, քանի որ Քրիստոս ինձ հետ է»վստահ է Տէր Սահակ Քահանայ Աղեկյանը:

Արարողութեանը ներկայ նորընծայ քահանաների հարազատները ևս շատ յուզուած էին ու միաժամանակ հպարտ: 

Այս օրը այլևս իրականութիւն է. Եկեղեցին, որ զօրաւոր է, ևս մէկ անգամ զօրացաւ, քանի որ  Աստծոյ հոգով իմաստնացած՝ այս  երեք երիտասարդները նուիրուեցին եկեղեցուն`դառնալով հաւատքի վկաներ, ովքեր պիտի ծառայեն  Տիրոջ խորանին` Աստծոյ ժողովրդի հոգևոր վերելքի համար:








All the contents on this site are copyrighted ©.